Զատիկ, Սուրբ Հարության տոն

Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթի տերը հաղթող է ճանաչվում և ուտում կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ, և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով։

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ս. Հարության  տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։

Զատկական երգեր

Զատկական խաղեր

Design a site like this with WordPress.com
Get started